Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընտրողը դարձյալ ձայն է տալու կամ մերժելու է ոչ թե գաղափարները, այլ անձերին

Ընտրողը դարձյալ ձայն է տալու կամ մերժելու է ոչ թե գաղափարները, այլ անձերին
29.05.2018 | 00:36

«ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա»` ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ազգային ու պետական շահը շփոթելով կուսակցականի հետ: Բայց կարևորը դա չէ, կարևորը` «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը ՀՀԿ-ի օրակարգում գոյություն չունի:

Կարծում եմ՝ այս հարցը առավելապես հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում է: Կարծում եմ՝ վարչապետի ու նախագահի հայտարարություններն այս հարցի շուրջ նպաստում են բազմակարծությանը, բայց մեր քաղաքական օրակարգում նման բյուրեղացած հարց չկա»` ասում է Աշոտյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում. «Հիմա ի՞նչ եք կարծում, մենք պետք է ասենք՝ Ազգային ժողովն ի վիճակի չէ աշխատելու, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՞: Ազգային ժողովում մենք ենք իշխանությունը, բայց ընդդիմություն ենք կառավարությանը: Մենք կառուցողական ընդդիմություն ենք»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ խորհրդարանը ցրելու հիմքեր չի գտնում: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն ԱԺ-ում և ՏԻՄ-ում, նրա նշանակած մարդիկ են ՍԴ-ում, Բարձրագույն դատական խորհրդում ու Գլխավոր դատախազությունում և այսքան «շարժական ու անշարժ գույք» պահպանելով` հանգիստ կարող են ոչինչ չտեսնել, չզգալ ու չիմանալ:

ՀՀԿ-ն ձգելու է ժամանակը ռեզինի նման` համոզված, որ էյֆորիան կանցնի, հեղափոխության տեղատվությունը իրենց համար ափին խարիսխներ կթողնի: Կփորձի Ընտրական օրենսգրքի ու այլ օրենքների փոփոխություններին ձայն տալու համար իր տեղը «գնել» ապագա խորհրդարանում, ռուսաց թագավորին դիմել, հին հնարքները գործադրել և հայտարարել` Ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով, որը նաև միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր: Կասի` մենք Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ եկել ենք կոնսենսուսի և ընդունել ենք Ընտրական օրենսգիրքը, որից հետո եղել են ընտրություններ, ընտրություններից հետո միջազգային կառույցների կարծիքները եղել են դրական, դիտողություններ եղել են մասնակի, Սահմանադրական դատարանում բողոքի ընդամենը մեկ դեպք է եղել, այսինքն՝ դրական արդյունքները բոլորին բավարարել էին՝ և քաղաքական ուժերին, և բոլորը երջանիկ էին։ Հիմա մենք, բնականաբար, առաջարկություններ չունենք, բայց որևէ քննարկումից չենք հրաժարվում, եթե կլինի նախաձեռնություն, պատրաստ ենք քննարկման` կասեն Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը կամ մեկ ուրիշը, ու խմբակցությունով կհաստատեն, որ առաջ են շարժվում սահմանադրությամբ, օրենքներով ու նախապատրաստվում են 2022-ի ԱԺ ընտրություններին։ Հետաքրքիր է` Հայաստանի կուսակցություններից որը ո՞ր երկրում է ապրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ ընդհանրապես` սկսվել է ոչ միայն կուսակցական շինարարության` մարզերում կառույցների ձևավորման բուռն շրջան, ընդ որում` եթե առաջ լավագույն ապագայի համար բոլորը նետվում էին ՀՀԿ, հիմա նետվում են ՔՊ` բարդ ընտրության առաջ դնելով երիտասարդ կուսակցությանը, որ մի կողմից չի կարող նորագիրներին մերժել, մյուս կողմից` չի ցանկանում կարիերիստների նոր ցատկահարթակի վերածվել, այլև միջկուսակցական երթուդարձի կամուրջների որոնում` ՀՀԿ-ականները ամուր տանիք են որոնում ԲՀԿ-ում, թեպետ ԲՀԿ-ն ինքը ԱԺ մտնելու խնդիր ունի առանց «բարերարության» ընտրության դեպքում: Որևէ մեկը չի կարող ասել` արտահերթ ընտրություններում ո՞ր ուժը ո՞ր դիրքերից է ներկայանալու` իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ու ստացվելու է, որ ընտրողը դարձյալ ձայն է տալու կամ մերժելու է ոչ թե գաղափարները, այլ անձերին:

Դիտվել է՝ 3251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ